Armenian change

Error

×

Ինչ-որ մի բան

Main page / Գլխավոր էջ / Պատմություններ / Ինչ-որ մի բան

[Unknown string ""]

Contents

    Չարլզ Դարվինը ծնվել է 1809 թվականին: Նա անվանի գիտնական է, որի “Տեսակների ծագումը” աշխատության մեջ առաջին անգամ ձևակերպվեց և մշակվեց էվոլյուցիալի թեորեմը: 1859 թվականին հրատարակված այդ տեսությունը, չնայած որ այդ ժամանակ դա գիտական մտքին մեծ աջակցություն էր, աստվածաբանների  կողմից ենթարկվեց դաժան հարձակումների: Դարվինին են պատկանում նաև այլ գիտական աշխատություններ: Նա թաղված է Վեստմինստեր մատուռում: Աստված չանի դառնալ այդպիսի պարբերություն հանրագիտարանում:

    Երբ այսօր ես դուրս եկա տնից, ես միանգամից զգացի առավոտյան յուրահատուկ հոտը. այդ հոտը վկայում էր, այդ հոտը հիշեցնում էր, այդ հոտը հանգեցնում էր պատասխանին:

    Համախմբված իմաստությունը դա անմտություն, անիմաստություն և հիմարություն է: Բարոյախոսությունը, պիետիզմը, սոլիպսիզմը, ավտոմատիզմը, մսաղացը, պատուհանագոգը, առկայծող հեռուստացույցը – այս շարքը անվերջ է, այս կարգը հիպնոսային է, այս կարգը սպանող է:

    Ստուգիր փողերդ` չհեռանալով դրամարկղից: Գնորդը միշտ ճիշտ է: Օրենքը դաժան է, բայց օրենք է: Նրան առիթ մի տուր, մի միջամտիր այնտեղ, որտեղ պետք չէ, մի ասա հոպ, փորձանք մի բեր: Պատրաստ եղիր: Յոթ անգամ չափիր: Ես սիրում եմ կյանքը, ես սիրում եմ նրբությունը, ես սիրում եմ առավոտյան անկողնում ձգվել, ես սիրում եմ զգալ միայնությունը, ինչպես փրկող տառապանք, որի կեղևում ոչ-ոչ, այո և փայլում է դեպի անհայտություն տանող արծաթե թելը:

    Տեսեք, թե ինչպես են ներդաշնակվում դեղին լուսամփոփները, հնաոճ կահույքը, օվալաձև նկարը` օվալաձև շրջանակում և ճապոնական ծաղկամանի մեջ դրված թարմ ծաղկեփունջը: Ահա՛ իմ սենյակը, հարմարավետ տեղավորվեք:

    Ես ատամներով կկրծեյի այս բետոնե պատերը: Տվեք, ես կուտեմ այս ծաղկամանը, այս խալաթը հողաթափիկների հետ, այս դրախտային ծառապսակները: Կատաղությունը համակերպման հագուստ է հագել: Կատաղությունը անմիտ է: Ինչ է մտածում շունը, ինչպես է աճում սոճին, որտեղ է ապրում ոզնին. մեզ շրջապատում է մարդկայնացած բնությունը, մեզ շրջապատում են սենտիմենտալ թուլության զազրելի տեսիլքները: Ես տեսնում եմ այլ կերպ: Շունը` նա ունի խոնավ քիթ, կողերը բարձրանում են, պոչը թափահարման եզրին է, աչքերը խորամանկ են: Սոճին` նա ունի խոնավ քիթ, բարձրանում են կողերը, պոչը թափահարման եզրին է, աչքերը խորամանկ են: Ես այդ ամենը տեսնում եմ այլ կերպ: Ես նայում եմ և այդտեղ է պահի իմաստը: Ես չեմ տեսնում և այդտեղ է կյանքը, ես չեմ շնչում, և այդտեղ է իմ շնչառությունը: Իսկ ինչպե՞ս կարելի է այլ կերպ: Թույլ ժպիտը, պոկված աչքերից` թափանցում է ինչպես խարույկի ծուխ` մաքրող և ցավոտ:

    Մենք կլինենք, մենք կդառնանք, մենք շատ ենք, մենք քիչ ենք, դրանք անհրաժեշտ են, յոթը ութին, ինչու՞ է այդպես դժվար, իսկ ինչ է, մի՞թե ոչ: Ոչ: Ինձ թվում է` ոչ: Մենք հետևում ենք: Մենք միշտ ենք հետևում և մեր հետքերը գարշահոտ են: Նրանց գարշահոտությունը հասնում է մեզ և պատում: Ճիչը ակնթարթային է, բայց նրա հոտը ավելի երկար է անհանգստացնում քայքայված ուղեղը, անհանգստությունը դեռ չծնված մահացել է, նրանց ինչի՞ն է այն անհրաժեշտ, նրանք ունեն իրենց գարշահոտությունը: Եվ դա նրանց բավարար է: Թող լինի գորշահոտություն, իսկ ես կանհանգստանամ: Միտքը, եթե այն ծագել է տառապանքի ցանկասիրության մեջ, պետք է իր ամբողջ կյանքն ապրի համեստ և ճաշակով էլ մահանա, լուծվի, և եթե նրան թույլատրված կյանքը ակնթարթ է, թող լինի ակնթարթ, եթե մեկ օր է, թող լինի մեկ օր, նա կմեռնի և իմ մեջ անգամ հետք չի թողնի, և իրենով չի փակի ուրիշների ճանապարհը, չի դառնա դամբարան, չի կապվի հանգույցով:

    «Այդ կայծը չի բավարարվում ոչ հորով, ոչ որդով, ոչ սուրբ հոգով, ոչ երրորդությունով, քանի դեռ նրանցից յուրաքանչյուրը բացառապես իր առանձնահատկության մեջ է: Հիրավի, այս աշխարհը չի բավարարվում սքանչելի բնության պտղաբեր բնատուրությամբ: Ասեմ ավելին, որն ավելի զարմանալի կհնչի. երդվում եմ ճշմարիտ բարօրությամբ, որ այս աշխարհին բավարար չէ աստվածային էության պարզ անշարժությունը, որը ոչինչ չի տալիս և ոչինչ իրեն չի վերցնում, և ավելին` աշխարհը տենչում է իմանալ, թե որտեղից է այդ էությունը գալիս, նա պարզ հիմնավորում է տենչում, անաղմուկ անապատ, որտեղ երբեք չես տեսնի ոչ մի տարբերություն, որտեղ չկա ոչ հայր, ոչ որդի, ոչ սուրբ հոգի: Ներքին ընդերքում, ոչ ոքի չպատկանող մենաստանում, այնտեղ նրա լույսը գտնում է բավարարվածություն, և այնտեղ նա առավել միասնական է, քան իր մեջ, որովհետև հիմնավորումն այնտեղ է. ուղղակի հանգիստը հենց իր մեջ անշարժ է: Հենց այդպես մաքրված, պայծառացած հոգին պարուրվում է աստվածային միգով, լռակյացությամբ, անհասկանալի և ոչ արտահայտիչ լռությամբ, և պարուրման ընթացքում ծախսում է բոլոր նմանությունները և տարբերությունները, և այդ անդունդում կորցնում է իր հոգին և այլևս  ոչինչ չի իմանում ոչ Աստծո, ոչ էլ իր մասին, ոչ նմանության, ոչ տարբերության, և ոչ ոչնչի մասին, որովհետև այսուհետև նա պարուրվել է Աստվածային միասնականությամբ և վատնել է բոլոր տարբերակումները»:

    Ինձ ասում են` դու սրիկա ես, դու ոչնչություն ես, քեզ պետք է ճնշել, մասնատել, իսկ ինձ մնում է միայն լսել, լսել և հասկանալ` անդունդը անհատակ է: Հիասքանչ երեկոյան երկինքը, թանձրախիտ ամպերը, թարմ փշատերև թփուտները, թափված տերևների վրայի ձյունը: Դու հիմա ես. դա այնպիսի գեղեցկություն է, որի մասին կարելի է երազել, որը կարելի է երբեմն տեսնել, զգալ, բայց չի կարելի միախառնվել: Ինչպես անտառը, այն մոտ է, բայց այն իմը չէ, ինչպես լեռները, նրանք իմ սրտում են, բայց ես հեռու եմ նրանցից. հիմա դու ինձ համար և լեռների ծով ես և անտառ, այդ ամենը դու ես` այդպիսի փոքր աղջնակը…

    Չորացած ճյուղին էլ կան ծաղիկներ:

    Վտակի աղմուկում, վագոնների դղրդյունում, տերևների խշխշոցում ոչ-ոչ, այո և կսկսի անտեսանելի գործիքների զարմանալի երաժշտությունը` առանց դրդապատճառի, առանց մարդուն բնորոշ հատկանիշների: Բայց կա նաև այլ երաժշտություն` ակնթարթային ապրումների ամբողջականությունը` մարդկային ոչնչով չծանրաբեռնված (հենց նրանով, ինչը չափազանց մարդկային է) երբեմն դառնում է հսկայական, մարդու ներքին ականջի համար գրեթե անտանելի ճակատագրական երաժշտություն: Ով լսել է նրա ձայները, նա գիտի, որ չկա ավելի մեծ երգչախումբ, որը կատարվում է հազարաձայնային աշխարհով, նա գիտի, որ այստեղ կբախվի նվիրական գաղտնիքին` նա իր ձեռքն է վերցնում աշխարհի սիրտը:

    Երբեմն ինձ թվում է, թե ես չկամ: Այսինքն ընդհանրապես չկամ: Ինձ թվում է, որ թույլ քամին կարող է ցրել իմ գոյության փոշին, և ինչպես դռնապանը մաքրում է մայթի տերևները, այնպես էլ կմաքրվեմ ես: Եվ ես կվերադառնամ այնտեղ, որտեղից ստեղծվել եմ` հող, քամի, ձյուն, հետաքրքրասիրություն: Իմ աչքերի առաջ աներեսաբար բացահայտվում է այսպիսի մի նկար. կարծես հեռավոր լեռների տնակում անժամանակ գալիս են ծերուկներ, որոնց ճակատագիրն անհասկանալի է, և նրանց մոտ ծագում է ֆանտազիա միացնել գիտակցության անտեսանելի վտակները և ստեղծել կենդանի էակ` նրան տալով այն ամենը, ինչը նրան հարավորություն կտա ասել, որ ինքը գոյություն ունի – ամեն մեկը տվեց այդ խաղալիքին այն, ինչը կարողացավ տալ` զգացողություններ, տպավորություններ, հիշողություններ, մտքեր, սեր, ամեն մեկը տվեց ինչ-որ բան և ծագեց մարդը: Կմնա՞ արդյոք ինչ-որ բան, երբ նրանց ֆանտազիան դադարի և հետաքրքրությունն այդ խաղալիքի հանդեպ սպառվի: Վտակները ետ կվերադառնան, և այդ պահին ես ուղղակի կվերանամ: Ինձ թվում է, որ նրանք ինձ այդ խնդիրն ինքնուրույն լուծելու հնարավորություն են տալիս` արդյո՞ք ես նրանց համար բավականաչափ հետաքրքիր կլինեմ:

    Երբ ես լսում եմ Matia Bazaar, ինձ համակում է մահվան մի քաղցր ծարավ: Իսկ միգուցե դա բոլորովին էլ մահը չէ՞: Գուցե դա հենց կյա՞նքն է: Կծկվում է սիրտը և ես ինչ-որ խորության վրա իմ մեջ տեսնում եմ արևի ցոլքը: Անհաշվետու սեր և մահ` նրանք ձեռք ձեռքի տված գնում են դեպի երջանկության կատաղի ալեցայտի:

    Հավանաբար ես ծիծաղելի եմ: Հավանաբար ես դիտվում եմ, ինչպես միայնությունից և ձանձրույթից ազատվելու միջոց փնտրող, ինչպես հոգիները սպանող, և ինչպես ասել, ինչպես բացատրել, որ ես միայն ցանկանում եմ ցույց տալ, թե ինչ մոտ է գտնվում Ինչ-որ մի բանը…

    Մի ձի ու մի ոզնի զբոսնում էին Կրոնշտադի մշուշում, և այնտեղ նրանց վրա ընդամենը մի տերև էր, և այդ տերևը թռավ ու հետ հեռացավ իմ մանկական երազների նման, Լուի դե Բրոյլի նման. նա կարծես Բերդյաևի տհաճ անվերջություն լիներ, ինչպես հնդկաստանցիների առնանդամային սիմվոլ, ակնարկում էր անակնարկելին, այսինքն թփրտացող տերևի այդ տխուր պատկերում թուլամորությունն ու դաժանությունն էին տիրում: Ես երազ էի տեսել. գեր սարդը ոտքերը կախ գցած նստել էր: Մի քանի ամիս առաջ ես ծանոթացել էի  աղջկա հետ տղամարդու հետադարձ հասցեով: Այն ժամանակ ես դա գրեցի, իսկ հիմա երևան եկավ: Երկսեռ համ: Սեռական ստերեո: Քմծիծաղ տվող եքիդնա: Համեղ արջասպ: Ահա այսպես այն սարդը ծիծաղում էր մեզ վրա, նա ծիծաղում էր այն հրեշավոր դաստեարակության վրա, որը մարդիկ անվանում են խիղճ: Խիղճը` ասես փայտե սունկ լինի, կարծես սունկ է, բայց իրականում` մաքուր ցելյուլոզա: Այն կարծես հոգեբանության մաս լինի, իսկ իրականում` մաքուր ցելյուլոզա: Ահա, թե ինչի մասին եմ ես լրջորեն մտածում: Միանգամայն լրջորեն: «Իսկ ի՞նչ է քո անունը» — հարցրեցի նրան: Եվ գլխավորը` դեպի ու՞ր: Չէ որ, եթե կանչում են, ապա անպայման դեպի ինչ-որ տեղ: Իսկ ի՞նչ պետք է զգա այն մարդը, որին խանդալից կանչում են մահվան: Ես հիշում եմ իմ ոտքերի տակից սահող ձյունը, թեքված սառույցը և կտրուկ որոշումը. «Եթե իմ կատուները ինձ չպահեն, ես ատամներով կբախվեմ սառույցին»: Եվ սառցատապարը ինչպես դրոշ բարձրացնելով, ես գնում էի այնտեղ, ուր ինձ ոչ ոք չէր ճանաչում և այնտեղ ես երջանիկ էի: Ցինանդալի հովտում ծաղկող նռների ծով: Ֆուդզիի լանջին ծաղկող սակուրայի ալեբախություն. կսողա արդյոք այն խխունջը, թե՞ արդեն սողացել վերջացրել է և դրանով ավարտվել է ակնթարթային բանաստեղծությունների և հավերժ սիրո հիասքանչ դարաշրջանը:

    Լինել ինչպես վտակ, ինչպես առու` ուղղակի հոսել:

    Երբ ես նայում եմ ծերուկին, որը կեղտոտ դույլը ձեռքին քայլում է փողոցով, հին ռետինե կոշիկներով` չնայած շոգին, ես նրա աչքերում տեսնում եմ, որ նա հասկանում է, որ այլևս ոչինչ հնարավոր չէ ձեռք բերել, որ ոչ մի նպատակ այլևս չի կարող ծագել նրա գլուխում` չկա ոչ ուժ, ոչ էլ ժամանակ դրա իրականացման համար: Չկա ոչինչ. այն ինչ կա հիմա` դա միայն փողոցն է, այս վառող շոգը, աշխարհն արտացոլվում է նրա գլխում և չի թողնում հետք, ինչպես լուսինը լճակում: Այդտեղ կա ինչ-որ մի բան, որ դրդում է կանգ առնել: Ամբողջությամբ կանգ առնել: Այնպես կանգ առնել, որպեսզի կանգ առնի ամբողջ աշխարհը: Եվ դա ապրել հենց հիմա, երբ դեռ ուժեր կան, որպեսզի կարողանալ դա անել, որպեսզի դա վերցնել, ինչպես կյանքի ուժ, այլ ոչ թե ինչպես անելանելիության սարսափ:

    Վտանգել կյանքը, ինչպիսի մանրուք: Շուրջդ բոլորը հենց այդպես են վարվում, այլ կերպ ինչպես կարելի է անվանել նրանց անբովանդակ կյանքը: Իսկ ահա վտանգել մահը, վտագել մահը`  ա՜յ, դա բան է:

    Ծիծաղի պոռթկումներ, մտրակի հարվածներ, ճիչեր, ժեստեր, ճեղքված ամպեր, փտած խոտի հոտ, այսպես ես հանգստացրեցի իմ միտքը:

    Երբ չկա երաժշտություն, այն ժամանակ ծնվում է Սամադհիի մեղեդի, երբ չկա կիրք – ծնվում է Սամադհիի կիրք, երբ չկա խելք, ծնվում է Սամադհիի խելք: Երբ բոլոր երեքը ծնվում են, նրանք մահանում են և ծնվում է Սամադհի: Երբ ծնվում է Սամադհի, այլևս ասելու ոչինչ չի մնում:

    Երբ այսօր առավոտյան ես դուրս էի գալիս տնից, ես զգացի ինչ-որ հոտ` դա թռչունի ստվերի հոտն էր, դա փայլող ծառի խշշոցի հոտն էր, դա ասֆալտի ճեղքվածքի հոտն էր:

    Կույրերը տեսնում են միայն կույրերին, հիմարները լսում են միայն հիմարներին: Ես այստեղ այլևս ոչինչ չեմ սպասում: Օր օրի ավելի հեռու: Ինչ-որ մի բան անվերադարձ սայթաքում է և ես դա զգում եմ իմ ամբողջ մարմնով, ամբողջ հոգով, այն ամենով, ինչը կա իմ մեջ: Այո և չէ որ չի կարելի աչքերում բացել անցքերը, որպեսզի տեսողությունը վերականգնվի: Տեսողությունը վերականգնվում է ներսից, հետևաբար պետք է և գալ` ներսից, իսկ դա նշանակում է քո ներսից, իսկ դա նշանակում է, որ պետք է հեռանալ, որպեսզի վերադառնալ: Դե ուրեմն ներեք:

    Որևէ տեղ չգտնվող ուղեղի վիճակը: Ուղեղի վիճակը, որի դեպքում միտք չի ծնվում` օվկիանոսի մաքուր մակերեսն է, արտահայտված խորությունն է: Նետված քարը անմիջապես խորասուզվում է և անհետանում, իսկ ջրերը միայն հարվածվում են նրա վերևում և ալիքներ չկան: Դեպի ջուրը խոնարված մարդու դեմքը հանդիպում է միայն իր շողքին, որի տակից թափանցում է անհատակ խորությունը:

    Ես փորձում եմ փնտրել անսովոր ապրումներ: Օրինակ, պատկերացնել, որ հիմա ինձ կսպանեն և այդ ժամանակ համակող սառնությունը, իսկ նոսրությունը, որը պետք է ընդունի իմ մարմինը, ձեռք է բերում է հավերժության անփոփոխ բույրի երանգ: Արդյո՞ք այդտեղ կա սպառողի երևակայության սանձարձակություն: Չեմ կարծում: Ավելի շուտ դա աշխարհընկալման նոր ուղիների ձեռք բերման, ընկալման չափանիշներից հեռանալու միջոց է: Զգացողությունները դառնում են ավելի թարմ և թափանցիկ` նրանց միջից սկսում եմ տեսնել գոյի պողպատյա գույնի վաղաժամ առանցքը: Կամ երևակայել, որ ես նստած եմ Սամադհիի ծառի տակ` այդ ժամանակ հեռանում է ամեն տեսակ կեղծ պատասխանատվությունը, իսկ միգուցե նաև սկսվում է Սամադհի: Ապրումների որոշ ամբողջականություններ կարծես ընկալումները տեղաշարժում են անհասկանալի հարթություն: Այդպիսի ամբողջականություններ կազմելու արվեստը անպատճառ համարվում է մեծ արվեստ, իսկ մյուս կողմից` միգուցե հենց այդտեղ է ցանկացած արվեստի էությունը: Իհարկե, յուրաքանչյուրը դա գտնում է իր համար, և զարմանալի է, որ երբեմն բազմաթիվ այլ մարդիկ դրանում գտնում են միևնույն երանգ: Ինձ շատ մոտ է այն արվեստը, որն իր արտահայտումն է գտնում ճապոնական  խոկկու և տանկայի մեջ: Կերպարների շարքը և՛ տեղաշարժի պայթյուն է, և՛ այլ զգացում: Ինչքա՞ն տարբեր են այն աշխարհները, ուր գնում է իմ երևակայությունը: Նրանց մեջ անպատճառ կա մեկ ընդհանուր բան. դա հիացմունքն է այն բանից, որ ես աշխարհն ընկալում եմ այլ կերպ: Ընկալման տեղաշարժի փոփոխությունը ինձ պատրաստում է այն բանին, որ ես գտնում եմ ինձ առավել հատուկ Սամադհիի ճանապարհը:

    Աղմուկը, որը խանգարում է կենտրոնանալ և պարփակվել քո մեջ, լսվում է միայն այն ժամանակ, երբ ուղեղը բեռնավորված է մտքերով: Երբ ուղեղը դառնում է այն, ինչ եղել է մինչև մտքերով բեռնավորվելը, արգելքներ չեն լինում: Ինքը արգելքը, դա ինչ-որ մի բան է, որ կանգնում է վտակի մոտ և խանգարում է նրան: Եթե վտակ չկա` արգելք նույնպես չկա: Երբ չկա վտակ, չկա նաև արգելք, այդ ժամանակ չկա ո՛չ վտակի բացակայություն, ո՛չ էլ արգելքի բացակայություն: Հենց այդ ժամանակ էլ վտակը հոսում է: Ով գիտի` նա կհասկանա: Ինչու՞ ես հիմա Սամադհիի մեջ չեմ: Ահա միակ հարցը, որ ես ուզում եմ ինձ տալ այն ժամանակ, երբ ընդհանրապես հարցեր կան:

    Երբ այսօր առավոտյան ես դուրս եկա տնից, ես զգացի ինչ-որ հոտ. Դա մահվան հոտն էր:

    Ինչն է ի սրտե ապշեցնում ինձ, դա ամբողջ իրադարձությունների թռուցիկությունն է: Իմ աշխարհում ոչինչ հաստատուն չէ: Իսկ այն մարդկանց աշխարհում, որտեղ ամեն ինչ հաստատուն է, կայուն ու նախորոք որոշված և կապված է պարտքի ու վախի զգացումների հետ, այնտեղ ավելի վատ է: Այնտեղ ընդհանրապես փտածություն է: Սրտի պարզությունը պարզ սրտին ծնում է սիրո զարմանահրաշ ալեցայտ. այն խելացնոր է այն իմաստով, որ ոչինչ հաշվի չի առնում, անգամ իրեն: Այդ ալեցայտը անժամանակ է այն իմաստով, որ ամեն պահի այն նորովի վերածնվում է և այլևս երբեք չի վերադառնում` ո՛չ անցյալում, ո՛չ ապագայում, ո՛չ էլ անգամ ներկայում. ժամանակամիջոց, տևողության բացակայություն: Երբ իրավիճակը կայացել է ու ծածկվել է ոչ հեռավոր երեկոյան  իրադարձությունների թույլ փոշով, այդ ժամանակ ներկայանում է նոր աշխարհ, բայց այդ աշխարհում արդեն չկա երկու սիրտ, կա միայն հիշողությունների նուրբ շերտ, ինչպես մշուշի թույլ շերտ, որն անխուսափելիորեն ցրվում է առավոտյան արևի տակ: Անխուսափելի բաժանման ժամանակ և մահը, և կյանքը անհետանում են,  և մահը և կյանքը գտնում են մի չեզոք մակերես, որտեղ զգացմունքների թաված արյունով եզրափակում են աշխարհը և նրանց ձեռքերը միանում են մեր ձեռքերի հետ ու մեր հայացքները հավերժական լուսաբացի հիասքանչ իրարանցման աղոտ լույսի ներքո միահյուսվում են: Դա նոր մարդկության լուսաբացն է, դա տարածության և և ժամանակի մեջ փոփոխությունների տարափ է, բայց յուրաքանչյուր ներգրավված ավազահատիկը կհառաչի և կճռռա Կալիի աղացքարում: Այդ շրջանի մոտակայքում հնախարխուլ խրճիթ կա, որտեղ հավաքվում են մամռակալված ծերուկներ: Նրանց մորուքները կարծես հավերժության շիթեր լինեն ու նրանց սրտերն օտարացած են: Բայց ես չեմ ցանկանում այդ: Ես ավելի լավ է մտնեմ ցիկլոնի մեջ և սպասեմ մինչև ինձ չի բաժանի կտորների ու չի ցրիվ տա օվկիանոսի վրայով. գոնե այդպես իմ հոգին ազատ կլինի տիեզերքի ազատ տարածության մեջ:

    Ես երբեք չեմ կարդում այն ինչ գրում եմ:

    Շուրջբոլորը հարյուրավոր կիլոմետրերով սպիտակ ձյուն է, սպիտակ երկինք, սպիտակ բարձունքներ. ոռնացող քամին մերկացնում է ժայռերը և նորից ծածկում դրանք: Ես միայնակ եմ այս սոսկալի հավերժության մեջ. ու չես անի ոչ մի քայլ դեպի սիրելի մարդը, որովհետև խորը ձյունակույտերը կկլանեն ցանկացած ջանք: Սարսափ: Մաքրող սարսափ: Ես այն ընդունում եմ շնորհակալությամբ. ես գիտեմ, որ այն կոպիտ ցախավելով կմաքրի բոլոր մանրուքները, բոլոր պատահականությունները, և կմնա միայն սիրո կատաղի պահանջը, դաժան կիրքը, իր վրա պտուտակվող իմ ամբողջ մարմինը, իմ ամբողջ հոգին, և երբ այդ փոթորիկը ետ քաշվի և հեռանա դեպի բարձր լեռների անսահմանություն, այդ ժամանակ կտարածվի բյուրեղային մաքրություն, որի ետևից տեսանելի է այն, որ անհասանելի է և բանականությանը, և ուղեղին, և սրտին: Նոտան աշնան քամուց կատաղի է: Ես չեմ մոռանա քեզ քանի դեռ կենդանի եմ: Ալիքներ աչքերում: Բանաստեղծությունների հատվածներ: Սարսուռ: Սրտխփոց: Բռունցքները սեղմված են: Հայացքն ամեն ինչ խոցում է, և անգամ դատարկությունը նրա համար արգելք չէ:

    Ես 30 տարեկան եմ: Ես արդեն ունեմ ալեխառն մազեր: Ես նայում եմ դրանց և հասկանում եմ, որ անկեղծ ապրումները հենց այնպես չեն անցնում: Ինչ-որ ժամանակ ամրության պաշարը կվերջանա: Ինչ-որ ժամանակ ես կթողնեմ այս հողը, այս մարդկանց, այս լեռներն իրենց անսահման սարսափով, այս ծովն իր բարձր ջրերով: Ես կգնամ և նրանք կգնան, և որտե՞ղ մենք բոլորս կհանդիպենք: Որտե՞ղ կգտնվենք: Սիրելիս` մենք որտե՞ղ կգտնվենք:

    Զբաղմունքներ, որոնք մենք գտնում ենք մեր համար. ես հիշում եմ այն ժամանակաները, երբ ես իսկապես հետաքրքրվում էի ինչ-որ բանով: Ինձ հետաքրքրում էր լեզուների, մաթեմատիկայի, ֆիզիկայի ուսումնասիրությունը, ես ինչ-որ բան էի փնտրում հոգեբանական էտյուդներում և նեոպլատոնիկների փիլիսոփայությունում, ես ծամծմում էի ինձ անծանոթ և հեռավոր մարդկանց պատմությունները, ես լալիս էի գրականագետների դժբախտությունների համար և երջանիկ էի, երբ նրանց մոտ ամեն ինչ լավ էր ստացվում: Եվ ես գիտեմ բազմաթիվ մարդկանց, որոնք այդ ամենն արել են ինձնից առաջ և հիմա էլ անում են: Ես հաշվի չեմ առնում նրանց, ովքեր դա անում են անհրաժեշտությունից դրդված: Եվ ես չեմ հասկանում: Չէ որ, եթե արդարորեն նայել այդ զբաղմունքներին, ապա դրանք փոշիանում են: Անձինք հորինված են, թե ոչ, դրանք միայն անձինք են: Գիտությունը` դա միայն գիտություն է: Ամեն ինչ սահմանափակված է իր ուսումնասիրությունների առարկաներով: Ցանկացած գործունեություն սահմանափակված է ինքն իր առարկայով: Եվ վաղ, թե ուշ վրա է հասնում հոգու աղքատացում: Իհարկե, կարելի է մինչ անսահմանություն որոշ ջանքեր գործադրել արմատավորման և սեփական հետաքրքրություններին աջակցելու համար, բայց միայն հազվադեպ հոգեկան թուլացման` հազվադեպ րոպեներին: Բայց երբ էներգիայի նվազման փուլն անցնում է, այդ ժամանակ նորից է բարձրացնում գերանի բարձրակետին և նորից ենթարկվում բոլոր քամիներին ու նորից տանում ինչ-որ տեղ: Գուցե ես ուղղակի հիվա՞նդ եմ: Բայց ոչ, ես տեսնում եմ իմ ճանապարհի բոլոր փուլերը, և տեսնում եմ, որ ամեն ինչ արդար է եղել և չկա այլ ելք, և անհրաժեշտ կլիներ այդ ամենը նորից սկսել, եթե սկսել սկզբից: Եթե դա հիվանդություն է, թող դա այդպես անվանեն: Նշանակում է, որ ես սիրում եմ ԱՅԴՊԵՍ հիվանդանալ: Նշանակում է, որ չկա զննելու ոչինչ: Նշանակում է, որ պետք է նորից վեր կենալ և գնալ: Քեզ հանդիպակաց: Անհայտությանը հանդիպակաց: Ես միշտ ցանկացել եմ սիրել: Դա ճշմարիտ է, չնայած, որ մանուկ հասակում ես ամաչել եմ դրանից, և չնայած, որ հիմա ես դա թաքցնում եմ օտար աչքերից: Ես միշտ ցանկացել եմ սիրել: Եվ միշտ գնացել եմ դրան հանդիպակաց: Կարո՞ղ է ինչ-որ մեկն իր մասին ասել նույնը: Ես կցանկանայի նայել այդպիսի մարդուն: Ինձ տհաճ է այնպիսի տեսաբանների կառուցվածքը, որոնք պատրաստ են ամեն ինչ հարմարեցնել ինքնապահպանման աղքատ կոմպլեքսին: Միշտ կգտնվի մի բարյացկամ, որ հեշտությամբ կբացատրի ինքդ քեզ սիրելու պարզ պահանջի իմ պարզ պահանջը, իմ վրա դարձված ուշադրության պարզ կուտակման պարզ պահանջը, պարզ ապրանքափոխանակման պարզ պահանջը, որտեղ գլխավորը եկամուտն է. դա սեփական արժանապատվության ուշադրությունն ու զգացումն է: Եվ սատանան նրա հետ, և թող բացատրեն:

    Ո՞վ կկարդա սա: Ո՞վ ինձանից բացի: Ես, ճիշտն ասած, ինքս չեմ կարդում սա, նշանակում է ոչ ոք չի՞ կարդա: Այդ դեպքում ինչու՞ եմ գրում: Հույսը, որ թղթի կտորը ամեն դեպքում կհասնի իր հասցեատիրոջը, ողորմելի հույսը, որ անհատակ անդունդը կարող է հաղթահարված լինել թղթի կտորով, որն իրադարձությունների քամիով կլանված, չշտապելով, կկտրի աներևակայելի տարածություն ու կընկնի հենց ԱՅՆ  ձեռքերը, հենց ԱՅՆ աչքերի առաջ, և կդառնա ԱՅՆ սրտին հասանելի:

    Նա մանուկ հասկում լողում էր և հանկարծ որքերի տակ զգաց գերանի լպրծուն մասնիկ: Այդ ժամանակվանից` չնայած, որ նա չի վախենում լողալ, բայց վախենում է հունից: Փորձեք հասկանալ այս պարզ պատմությունը, փորձեք կարդալ այն ևս մեկ անգամ, ապրել այն և դուք կտեսնեք, որ անհասանելիի աշխարհը թափանցում է մեր կյանք և հեռանում. ո՞վ կհամարձակվի կանգնել այդ հեղեղի ճանապարհին: Ո՞վ կհամարձակվի նրանով քշված լինել: Մենք համեստորեն թևերը տեղավորում ենք մեջքի ետևում. չէ որ նրանց մեջ կարող է քամի փչել, և այդ ժամանակ մենք ինչպե՞ս կկանգնենք հողի վրա: Ինչպե՞ս դիմանալ: Ցույց տվեք ինձ նրան, ով կկարողանար դիմանալ, իմանալով անգամ, որ առջևում ինչ-որ անհասանելի, աներևակայելի, գոյություն չունեցող բան է: Երբ քամին թևերի մեջ է, մնում է միայն թռչել: Պարզ պատմություն, որ տեղի է ունեցել փոքրիկ աղջնակի հետ. արդյո՞ք  այդ ժամանակ նա գիտեր, որ այդ պատմությունն ամբողջ կյանքի ընթացքում իրեն կուղեկցի ինչպես հավատարիմ շուն: Զգու՞մ ենք արդյոք մենք, որ երբ մեր հետ տեղի է ունենում ինչ-որ պատմություն, այն ցուցաբերում է անհասկանալի, բայց անխուսափելի ազդեցություն մեր ամբողջ կյանքի վրա: Երբեմն հանկարծակի պատահական հայացքը, չշտապող բառը, հոգնեցուցիչ հանդիպումը, համարյա աննկատելի խոչընդոտը, և հանկարծակի հասկանում ես. կատարվել է ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ: Ոչ մի ատրիբուտ այլևս չկա: Ինչ խորությամբ ուզում ես նայիր, ոչինչ չես տեսնի. և միևնույն է գիտես, որ ԴԱ տեղի է ունեցել: Դա գաղտնիք է: Իսկական գաղտնիք է և մոտենալ դրան – բռռռ, սառում է արյունը և ճնշում է շնչառությունը:

    Երբ ես լեռներում եմ, ես դառնում եմ երկուսը` ես և լեռը, լեռը, որը վերածվում է ինձ: Ես դառնում եմ երկուսը, երբ իմ մեջ պայքարում է կյանքի ծարավը և մահվան հակումը. նրանք վարում են երկխոսություն, ինչպես ես և ես: Ես դառնում եմ երկուսը, երբ ես սիրում եմ. ես նա եմ, ով սիրում է և նա եմ ում ես սիրում եմ:

    Կա թուլություն, որը չի հանդիսանում ինքնանպատակ, որը հանդիսանում է թուլություն միայն այն բանի համար, որովհետև խուսափում է մտքից, ինչպես էլեմենտից, որը մռայլեցնում է ընկալման պարզությունը: Այդ թուլությունը ոչինչ չի տալիս, ոչինչ չի կորցնում, այդ թուլությունը ճկուն ճյուղի ողորկության ուժն է: Դա թուլություն է. դա ուժի ողորկ կողմն է: Ինձ մոտ ծնվում են տարբեր մտքեր, երբ ես ուղակի նայում եմ քեզ վրա: Ես դրանք կփտեցնեյի. դրանք կառուցվածքային չեն և անորոշ են, բայց … ցանկանում ես բարձրաձայն ասել: Ես չեմ շարադրում, ես ապրում եմ բառերով, երբ ասում եմ դրանք նրան, ով ինձ հարազատ է:

    Ամեն անհայտ բան տալիս է երկիմաստ ծագումներ: Ամեն երկիմաստ բան տալիս է բազմիմաստություն, ամեն բազմիմաստ` տալիս է համադաշնակություն, համադաշնակությունը բերում է ներդաշնակության, կլանման, միախառնման, անհետացման. ոչինչ այնքան հավերժական չէ, ինչքան այն ինչը անհետացել է:

    Վրա է հասնում ժամանակ, երբ երազները դառնում են ավելի խորը, իրենց բազմիմաստության մեջ վիթխարի, երբ արթնանալով, գիտակցում ես, որ դա եղել է ու իսկական իրականություն է, իսկ այն կեղծ իրականությունը, որն առաջ համարվում էր այդպիսին — դե ինչ, նրա մեջ նույնպես կա ճշմարտության բաժին, բայց աղբի բաժինը այնքան մեծ է, որ … Որպես շարժիչ կարելի է օգտագործել տարբեր վառելանյութ: Ամեն դեպքում տեղաշարժվելու համար բոլոր միջոցները լավ են. և սեքսուալ ճնշումը, և միայնության տառապանքները, և այդպես շարունակ: Բայց իսկական թռիչքը դեպի առաջ տալիս է սիրո էներգիան: Ինչպես արդար էքսպերիմենտատոր, ինչպես մարդ, որն առանց զղջելու կործանման է նետում ամեն անիսկականը, որն իրականության փնտրտուքի իր հոգեվարքում անխղճորեն տառապանքներ է բերում իրեն և անգամ ուրիշներին` ես վկայում եմ. սերը, դա ամենահիցնողն է այն ամենից, ինչի հետ ես բախվել եմ մինչ այսօր: Երբ տեղի է ունենում հայտնություն, իսկ այն տեղի է ունենում մի անգամ, այդ ժամանակ ուշադրությունը ևս դառնում է սիրո մոտ ընկեր, և իմ ամբողջ անձը դողում է և թրթռում նոր կյանքի կանխագուշակման մեջ, ու երազները դառնում են իրականության մաս, և այլն և այլն… Իհարկե ես ի նկատի ունեմ այն սերը, որն այդպես տարբերվում է սովորական սիրուց` սեր-սեփականությունից: Ինչպես իմ հոգու ինժեներ ես ասում եմ ինձ. հենց այս շարժիչն եմ ես վերցնում իմ մեքենայի համար: Ինչպես կախարդ, ես տեսնում եմ, որ անսովոր խորությունը գալիս է ինձ հանդիպման, ինչպես մարդ` ես զգում եմ. այդտեղ է իմ իրականացումը, այդտեղ է իմ երջանկությունը:

    Ես կարող եմ տեսնել շատ և տեսնում եմ շատ, բայց ես ուղղակի չեմ նայում դեպի ապագան, այն բանին, թե ինչպես և ինչ կլինի: Չէ որ ես աստված չեմ, ես միայն որդի եմ, նոր-նոր ծնված Սամադհիի մեջ: Եվ ինձ դժվար է պահպանել չեզոքությունն այն բանի հանդեպ, ինչը ես տեսնում եմ և ինձ թվում է, թե ես չեմ կարող խոչընդոտել իմ ինտելեկտին, իմ մարդկային հիմար բնազդին «ամեն ինչ անել այնպես, ինչպես լավ է» և միջամտում եմ գաղտնիքների գաղտնիքի մեջ, խաղտելով վտակը: Այդ պատճառով ես ուղղակի հետաձգել եմ իմ տեսիլքը մինչև այն ժամանակ, երբ ես միանգամայն վստահ կլինեմ, որ չեմ միջամտում, չեմ փորձում ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ անել տեսածիս հետ, որովհետև այլ կերպ ամեն ինչ կործանվում է, նվաստացվում է, հեռանում է այդ նույն ոչ պատահականությունը:

    Հազալով ես վեր կացա հողից և, փաթաթվելով բաճկոնի մեջ, շարժվեցի անտառեզր: Կապտագույն խոտը, ծառերը` արմատներով դեպի վեր աճող, լիճը` իր ծանր ափով ինձ վրա ընկնող, ամեն ինչ ուղեկցում էր, ամեն ինչ թռթռում էր, ոռնում ու ծփում էր: Կյանքը գտնվում էր եզրերի վրա, աշխարհը կրկնապատկվում էր, սրիտը ցավում էր: Պետք է մի քայլ անել: Պետք է ընդամենը մի քայլ անել: Չգիտեմ, թե ուր, բայց պետք է: Կա մի քայլ, որը ոչ մի տեղ անել չի կարելի: Եթե այդ քայլն ինչ-որ տեղ անել, ապա հաստատ ոչ այստեղ: Ես այս բառերը կրկնել եմ ինչպես անեծք, ինչպես հրապուրանք: Քայլը չի կարող ինչ-որ տեղ արվել: Քայլը ուղղակի պետք է անել և վերջ: Ուղղակի անել: Ուղղակի անել: Ահա և պարադոքս: Ահա պարզ գործողություների անհասանելիության անեծքը: Ես սիրում եմ պարզ բառերը, ես գնահատում եմ պարզ զգացմունքները, ես տեսնում եմ սիրո նախասկզբնական պարզությունը, և հիմա ես պետք է ջանքեր գործադրեմ և սովորեմ պարզ քայլեր անել:

    Առաջին անգամ այդ մասին իմ մոտ միտք ծագեց շատ վաղուց, երբ այն դեռ վարդագույն երազ էր, և այնտեղ ես ավելի շուտ փորձարկման ենթարկվող էի, քան փորձարար: Տարիներն անցնում էին, երազն երազ էր մնում, և վրա հասավ պահը, երբ ես այլևս չէի կարող ինձ նայել ինչպես իմ կողմից երևակայված գործողությունների պասիվ մասնակից: Իսկ հետո երկար ու անհետաքրքիր սովորական կյանք էր ընթանում, որը շատ անգամ ճնշում էր իմ ինքնանկախությունը: Բայց մի հիասքանչ պահի իմ հին և արդեն մահացած երազանքը նորից, նոր ձևի մեջ ծնվեց, նա ինձ ուղղեց աչքերը, և ես այլևս ոչնչի մասին չէի կարող մտածել:

    Այսպես, նախաճաշի ու ճաշի միջև ես որոշեցի նոր աշխարհ կառուցել: Էմոցիան մի առարկա է, որն ունի տևողություն` տևողություն ժամանակի մեջ, իսկ ապրումները միշտ ակնթարթային են, դրանք միշտ ապրում են միայն այստեղ և հիմա: Ապրումը, դա զրոյական տևողությամբ կետ է: Դա կատարսիս է: Ինչպես մարտական թրի ուժ կենտրոնացած է սրության վրա` կետի վրա, տևողություն չունենալով, ապրումների հզորությունը կենտրոնացած է ակնթարթի վրա, այնտեղ, որտեղ չկա ոչ անցյալ, ոչ ապագա:

    Ինչ-որ տհաճ հավերժության դեմքի առաջ այդ ամենը դատարկություն է: Միևնույն է վաղ թե ուշ` այսօր, վաղը, մյուս օրը, պարտավոր ես ինքդ քո հետ նստել և հասկանալ. ահա հիմա ես կնստեմ և կհաշվեմ ոչ թե ժամերը, այլ րոպեները: Եվ այդ ժամանակ շուտով ամեն ինչ կվերջանա: Ամեն ինչին սահման կա:

    Եթե կյանքի կոնկրետ պահին չկապվել, ապա էմոցիաները իրենց տեղը կզիջեն  ապրումներին. չէ որ էմոցիաները միշտ ինչ-որ բանի արդյունք են, դրանք միշտ ապրումները գիտակցելու միջոց են, անգամ, եթե ամեն ինչ աննկատ է կատարվում: Իսկ ահա իրական  ապրումները զարմանալիորեն տարբերվում են էմոցիաներից. դա հենց կյանքի իմաստն է, և իրական ապրումների պրակտիկայից մինչև Սամադհի մի քայլ է: Իրական ապրումներին անցումը` դա զգացվում է, կարծես հանկարծակի կտրվում է շունչը, և դու գնում ես դեպի ինչ-որ յուրահատուկ խորություն և բացառիկ անհավական լիությամբ հագեցած կյանք: Այդ ապրումների գլխավոր որակը լիությունն է: Դու խեղդվում ես լիության զգացումից, դու զգում ես, որ դա հենց առավելագույն իրականացումն է: Աշխարհը բացահայտում է իր անհավանական խորությունը:

    Կա հնարավորություն, որը եզրափակված է անփոխադարձ սիրով: Այն կարելի է վերցնել այն ժամանակ, երբ առանց վախի և նախատումների գնում ես քո ապրումներին ընդառաջ: Անփոխադարձ սիրուց առաջացած հուսահատության հատակին գտնվում է հզոր գանձ, և այն հասանելի է միայն ուժեղ ու կրքոտ մարդկանց, որոնք ընդունակ են նրա համար այդպես խորը գնալ: Դա զբաղմունք է ուժեղ մարդկանց համար, բայց մեկ այլ կողմից հենց այդտեղ է առաջանում ուժը:

    Երբ ես փողոցում լսում եմ աղջկա ճչոց` հեռվում, հազիվ լսելի, պարզ չէ, կամ դա չարաճճիություն է, կամ էլ կանչ. ինձ միշտ թվում է, թե ինձ են կանչում, որ ինչ-որ մեկն այլևս համբերելու ուժ չունի և ահա նա դուրս է եկել փողոց և ուղղակի բղավում է, ու հույս ունի, որ ես կլսեմ: Եվ ես խլացնում եմ երաժշտությունը և մտքերը, իմ ներսում սառելով և լսում եմ ու սպասում, ու ցանկանում եմ արագ հագնվել, դուրս գալ փողոց, և ի պատասխան ճչալ.  «ես այստեղ եմ»:

    Լեռներն ինձանից խլել են օդը, սերն ինձանից խլել է հողը, մարդիկ ինձանից խլել են հավատը, ցավն ինձանից խլել է հույսը: Երբ անկարողությունից դու սեղմում ես բռունցքդ և այն ամենը, ինչը ձեռքիդ է, ցած է ընկնում, և ես նայում եմ իջեցված ձեռքերին ու տեսնում եմ, որ ամեն ինչ վերջացած է. ձեռքերը նորից զգում են, կործանված ամեն բան նորից կենդանանում է իմ մեջ: Կա մի բան, որ չի կարելի կորցնել, բայց ամեն անգամ կորցնելով մոռանում եմ դրա մասին: Եվ ամեն անգամ հիշում եմ` ինձ այդ հողի վրա կրկին հայտնաբերելուց հետո:

    Ես նկատել եմ, որ երբ Ակուտագավան ցանանում էր արտահայտել իրադարձություների անասելի ամբողջականությունը, օգտագործում էր «-նո» մասնիկը. «Արու սիգուրէ-նո ֆուրու բան-նո կոտո դես»: Ես, չնայած իմ գրածին, տեսնում եմ, որ շահագործում եմ «և» կապակցման միջոցը, ինչպես նաև հաճախակի արհամրում եմ ստորակետները` անխզելիությունը ինձ համար ավելի թանկ է, քան է կրթվածությունը: Ինչքան առաջ եմ գնում, այնքան ավելի են ինձ խանգարում ստորակետները, երբ նրանք չեն հանդիսանում տրամաբանական դադարն արտահայտելու միջոց:

    Առաջին անգամ իսկ ես կարող էի շրջվել և հեռանալ: Եվ ոչինչ էլ չէր լինի: Ուղղակի կլիներ խուլ ձանձրույթ չկատարվածի համար, ինչպես սեփական մատնություն, բայց դա հավանաբար այնքան էլ ցավոտ չէր լինի: Բայց այդ ընտրությունն ինձ համար չէ: Իսկ ահա սա հավանաբար ինձ համար է:

    Երբ ես անտառում նստած եմ խարույկի մոտ, երբ ես մի քանի օրով կամ մի քանի ժամով վրանով գնում եմ այնտեղ` բնության մեջ, աղմկոտ ծառերի տակ նստելու և գիրք կարդալու համար, կամ հանգիստ մեկուսացման մեջ իմ կյանքի մասիմ մտածելու համար, երբ իմ մտքերը կենտրոնացած են և չեն վերադառնում քաղաք` հոգսերի մոտ, այդպիսի պահերի ես հավաքված եմ, զգում եմ թարմ քամու հոտը, զգում եմ, թե ինչքան ուղիղ են կանգնած սոճիները և, թե ինչքան մեծ ձգտումով է տարածվում մամուռը, և արտաքին թարմությունը դառնում է ներքին թարմություն: Երբ ես վերադառնում եմ` ես դա ինձ հետ եմ բերում: Ես չեմ ուզում ոչինչ իմ սեփականությունը համարել, և այդ պատճառով այնտեղ, որտեղ ուրիշները չեն կարողանում գեթ մեկ րոպե դուրս գալ դատարկությունից, ես ինձ զգում եմ ինչպես խարույկի մոտ ճանապարհորդող` ազատ, հավաքված, թարմությամբ լի, օտարացած:

    Անունները, որոնք միշտ, անկախ ամեն ինչից մնում են ինձ հարազատ, այն բանի ստեղծողներն են, ինչն ապրում է իմ մեջ, ինչն ապրում է ինձանով. Ակուտագավա, Կոբո Աբե, Կավաբատա, Ֆաուլզ, Կաստանեդա, Նիկոլ, Լոսա, Ֆրիշ, Կրիշնամուրտի, Սուզո, Տաուլեր, Օշո, Նիցշե, Ռամակրիշնա, Միլարեպա, Գազդանով… Դա անունների հիպնոզային շարք է, որոնք արտասանելով` ես քարանում եմ և տաք եղյամը պատում է իմ հոգին. ես զգում եմ իմ ներքինը, ես տեսնում եմ անսահման հաջորդականություն, ես լսում եմ որոտալի լռություն, որը գնում է մի սրտից մյուսը, ես լսում եմ, թե ինչպես է այդ որոտը հնչում բյուրեղային լռությամբ, և այն արնագույն է:

    Երբեմն, երբ ես արթնանում եմ, երազից մնում է տարօրինակ զգացողություն, և, եթե ձեռքերով չդիպչել գլխին, որոշ ժամանակ չշարժվել, և  տրվել կիսաքուն նիրհին, ապա կարելի է թույլ տալ այդ զգացողությանը ավելի պարզ արտահայտվել: Այն, ինչպես թվում է, կապված չի ոչ երազի բովանդակության, ոչ էլ ընդհանրապես ինչ-որ այլ բանի հետ. այն տարօրինակ է, գալիս է ամենախորքից, այն ապրում են փոքր ինչ տագնապալից, այն բավականին տարբեր է, այն ամենից, ինչի հետ ստիպված բախվել ես արթուն ժամանակ կամ երազի իրականության մեջ: Այն, կարծես գալիս է ամենախորքից: Դաժան զգացողություն` միաժամանակ և վախեցնող, և գրավիչ: Վախեցնող, քանի որ իր մեջ կրում է վտանգ այն ամենի համար, ինչն իր մեջ չէ. ինչքան մեծ է անահատականության զգացումը, այնքան ավելի հարթ ստվեր է այն թվում: Գրավիչ է, որովհետև այնտեղ է գտնվում իմ ճանապարհը, որովհետև դա ներթափանցումն է դեպի այն դատարկության զգացումը ճիշտ ապրելը, որն ամեն ինչ լցնում է:

    Միայնակ օտարականը անջատության աշխարհներում:

    Համարվում է, որ կինն ապրում է զգացմունքով: Իրականում զգացմունքն է ապրում կնոջով: Համարվում է, որ տղամարդը պետք է լինի ուժեղ: Իրականում ուժն է  տղամարդ պահանջում` նրան սնունդ է պետք: Ուժն իր ձեռքն է վերցնում պատառաքաղ — պատիվը և դանակ — արժանապատվությունը, դնում է նրան ափսե-նախապատվության մեջ և ախորժակով ուտում: Ուժը, զգացմունքը` նրանք պետք է ապրեն և նրանց անհրաժեշտ է սնունդ: Բայց ես հակված չեմ այսպիսի ինքնազոհաբերության. ես դուրս եմ գալիս ափսեից, ես այնտեղ թողնում եմ իմ հագուստը և հեռանում: Թող քամին բուժի իմ վերքերը, թող նա ջնջի իմ անունը` խզբզված ավազի վրա, և այդ ժամանակ ուժը չի գտնի ինձ: Ես խաղում եմ պահմտոցի: Ես նորից երեխա եմ: Ես խաղում եմ պղպջակներով, աչքերս հառում եմ արևին և մատներս շարժում եմ հալված ջրի մեջ: Նրա հայելանման կարկաչող հարթությունը ինձ ինչ-որ բան է ասում, բայց դա ինձ պետք չէ:

    Զայրույթ` ահա իմ հավատարիմ ընկերը: Ես չեմ հիշում առանց հույսի բարեհամբույր մարդկանց, որոնք ուրիշների հետ իրենց հարաբերությունները կառուցում են այնպես, ինչպես շնագայլը վերաբերվում է ուտելիքին. թեկուզ փտած է, բայց միս է: Չեմ ընդունում սիրալիրություն սիրալիրության համար, շփում շփման համար: Ես կարող եմ լինել կոպիտ, ես կարող եմ լինել նուրբ, ես կարող եմ լինել կատաղի, երբ կատաղությունն ուղղված է քո և քո հիմարության մեջ գոյություն ունեցող պատը կոտրելուն: Ու՞ր են կորել կատաղի մարդիկ: Ո՞րտեղ են քո ձվերը, տղամա՛րդ: Ո՞րտեղ են քո եղունգները, կի՛ն: Կատաղությունը, դա ագրեսիա չէ, դա ատելություն և բորբոքվածություն չէ, կատաղությունը անհամատեղելի է այս ամբողջ աղբի հետ: Ատելությունը, ագրեսիան, բորբոքվածությունը` դրանք կործանիչ զգացմունքներ են, դրանք թուլացնում են, անօգնական են դարձնում, քանի որ հանդիսանում են տիրելու ծարավի հակառակ կողմ, աշխարհի հանդեպ ցուցաբերում են սպառողական պահանջ: Եթե աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին ես ցանկանում եմ, որ այն լինի, ապա դա ինձ դարձնում է բորբոքված կամ ագրեսիվ: Կատաղությունն այլ է: Կատաղությունը, դա քողը բացահայտելու համար քո ամբողջ ուժերի գերմարդկային լարումն է, դա ձգտումն է լույսին և պայծառությանը: Իսկապես կատաղի չի կարող լինել նա, ով կարող է լինել անսահման նուրբ, ով պատրաստ չէ հանուն կյանքի իր կյանքը տալ: Կատաղի չի կարող լինել նա, ով պատրաստ չէ իր կյանքը զոհել առաջին պատհածի համար, ում հայացքում տեսնում ես քո կյանքի արտացոլքը: Կատաղությունը դա մի զգացում է, որին պատրաստ է միայն նա, ով ձգտում է, ով իր ամբողջ հոգին ներ է դնում սիրելու ընդունակության և պահանջի մեջ. մնացած ամեն ինչը չափազանց չնչին են կատաղություն բերելու համար, իսկ մանրուքը չի կարող լինել կատաղի: Կատաղի չի կարող լինել նա, ով չի կարող լինել կենտրոնացած: Կատաղությունը անխոհեմ է, հենց այդ պատճառով էլ նա ընդունակ է ինձ հանել իմ մահվան սահմանններից: Կատաղի բուդհա: Կատաղությունը փորոտիքի հետ կուտի ամեն դատարկը և խաբուսիկը. կատաղի մարդը սիրալիրության և քաղաքակրթության ժամանակ չունի, նա ատամներով կրծում է պատը. ինչ քաղաքակրթության մասին այստեղ կարող է խոսք լինել: Կատաղությունը չի կարող ուղղված լինել ինչ-որ դատարկ և հորինված բանի, նա կպտտվի և կգնա: Կատաղությունն ինքն իրենով ընտրական է. նա ծնվում է մահվան հետ բախումով: Հենց այդ պատճառով կատաղությունը չի կարող ուղղված լինել այլ մարդու կողմ. այն կարող է վերաբերվել այլ մարդու հիմարությանը, այն կարող է վերաբերվել հիմարությանը, որը սպանում է հոգին և չորացնում է սիրտը, և այստեղ արդեն կարևոր չէ իմ մեջ է այդ հիմարությունը, թե քո:

    Այդ շրջանի մոտակայքում հնախարխուլ խրճիթ կա, որտեղ հավաքվում են մամռակալված ծերուկներ: Նրանց մորուքները կարծես հավերժության շիթեր լինեն ու նրանց սրտերն օտարացած են: Ծերությունն օրհնյալ է նրանց համար. այն չի կարող դիպչել նրանց պարզության կատարելությանը. նրան հասու չէ ծերացնել այն, ինչը չի կպչում երիտասարդությանը, էներգիան չի կարող նրանց լքել, որովհետև նրանք իրենք են այն հեռացրել, ուժերը չեն կարող դավաճանել նրանց, նրանք արդեն վաղուց դավաճանել  են ուժերին` տրվելով անսահման թուլությանը: Ուժի սահմանը կայանում է նախնական թուլությունում. ի՞նչը կարող է հաղթել միանգամայն թուլության այդ ահռելի ուժը: Երբ մարդը տալիս է ամեն ինչ, նա դառնում է անխոցելի, ինչպես անխոցելի պուրակ, ինչպես անխոցելի մարգագետնի ծաղիկներ: Այդ փաստի առաջ քանդվում են լեռներ և փշրվում են հազարամյա ապառաժներ:

    Բոդհի հողի երկնային-կապույտ տարածություն. ավել ի՞նչ է անհրաժեշտ:

    Ահա զարմանալի է. ես ուտում եմ և խմում, իսկ կյանքը, միևնույն է հեռանում է ինձնից: Ի՞նչ կմնա ինձնից հետո: Իհարկե, իհարկե, այո… Սա ես ժպտում եմ և համաձայնում եմ հիշողության հետ, որը խոնարհաբար մատուցում է ինձ.

     

    Ի՞նչ կմնա ինձնից հետո:

    Գարնանը` ծաղիկներ,

    Ամռանը` կկու,

    Ձմռանը` մաքուր և սառը ձյուն:

     

    Բնական անզգայացում. անփոթորիկ սառը անապատ` այն կա յուրաքանչյուր մարդու ներսում, ու երբ տառապանքները դառնում են անտանելի` հոգին ինքն է գտնում ճանապարհը ու սահում է այդ սառը լռության ուղղությամբ: Այնտեղ ծանրանալով` համարյա զգում ես երանություն, ցավ չկա, ոչինչ չկա: Գրեթե երանություն: Դատարկ, բյուրեղապակյա, բայց գրեթե երջանկություն: Զնգացող ոչինչ: Եվ միայն հենց դա  է «գրեթե» մնում միակ ամպիկը` խաղաղ երկնակամարի վրա: Կարո՞ղ եմ արդյոք ես հաշտվել այդ «գրեթե»-ի հետ:

    Բոլորն ունեն իրենց թույլ տեղը: Եվ դա հենց այն տեղն է, որը դարձնում է նրանց ուժեղ:

    Շուրջբոլորը ուրվականներ են, ուրվականներ… Չդառնա՞մ հանկարծ ես էլ մարդատյաց: Բոլորը վախից դողում են այն բանից, որ եթե քայլ անեն այլ կողմ, ապա նրանց սպասում է անորոշություն, ու արդյունքում բոլորը նստում են իրենց ջրփոսի մեջ: Ես դուրս եմ եկել իմ ջրփոսից, ու ինչ՞: Արդյոք երկընտրանքն այժմ այնպիսին է, որ կամ ես պետք է հեռանամ մարդկանցից, կամ էլ վերադառնամ ջրփոս: Մարդը կարող է մտածել, որ նա կառուցում է կամուրջ հին և նոր կյանքի միջև, բայց այդ անդունդը չի հաղթահարվում կամուրջներով, ցանկացած կամուրջ տանում է հետ, այն երբեք չի կառուցվում և ավարտվում. անհայտի և հայտնիի միջև անդունդը սարսափելի մեծ է, դա ուղղակի ապրելակերպի տարբեր ձևեր է: Եվ կամուրջների բոլոր այդ կառուցումները ինքնահանգստացման ու  քնեցման հիանալի ձևեր են: Անդունդը հաղթահարվում է միայն թռիչքով` հուսահատ, անհույս թռիչքով: Ո՞վ կասի, ես պատրաստ եմ: Այդ ասողներից ո՞վ կթռնի: Յուրաքանչյուր թռնող կհասնի, բայց այդ մասին չես իմանա, քանի դեռ չես թռել: Վերադառնալ ես արդեն չեմ կարող, ու՞ր այնտեղ … բանտ ինքնակամ … այդ պատճառով ես զգում եմ, ինչպես դանդաղ, բայց արդար հեռանում եմ, ավելի հեռու՜, հեռու՜: Այն, ինչը ինձ հիմա անհանգստացնում է, այն հորիզոնները, որոնք իմ առջև են, դրանք արդեն ոչ ոքի չես ցույց տա, քանի որ դրանք տեսնելու համար պետք է գոնե բարձրացնել աչքերը, տեսադաշտից բաց թողնել մայթը եզրագծերով: Ամեն ժամի հետ ես անհույս հեռանում եմ, միայն սերը կարող է կառուցել աներևակայելի կապ աներևակայելի անդունդների միջև, հավատում եմ միայն սիրուն առաջին հայացքից` առանց շուրջը նայելու:

    Երբ ես նայում էի նրա աչքերի մեջ ու տեսնում էի այնտեղ անսահման սեր, ի՞նչ էր դա իրականում: Այժմ ես պետք է հարցնեմ ինձ դրա մասին` ոչ, այժմ ես պետք է պատասխանեմ այդ հարցին: Երբ ես նայում էի նրա աչքերի մեջ, ի՞նչ էի ես տեսնում այնտեղ իրականում: Կարո՞ղ է նրա աչքերը ուղղակի հայելի էին, որոնց մեջ նայելով ես տեսնում էի միայն իմ անմտության անդրադարձումը: Հայելիով ծածկված աչքեր, դրաց մեջ ինչ-որ բան կա, զգում ես ձանձրույթ` կտեսնես ձանձրույթ, զգում ես կիրք` կտեսնես կիրք: Իսկ ինչպես է իր մոտ, ի՞նչպես է իր սիրտը, չի՞ ձգտում այն դեպի դուրս, չի՞ քանդում այն հայելիային ծածկույթները: Փաստորեն ոչ, երևի վախը և մահը պարել են արդեն այնտեղ իրենց տոնի առթիվ:

    Որտեղ բարակ է, այնտեղ ՉԻ պոկվում: Եթե միայն դա խորաթափանց սիրո նուրբ զգացմունք է:

    Չեմ սիրում զգացումը տանել հասկացողության: Չէ որ հասկացողությունը սահմանափակում է, կտրում է և կոնկրետացնում: Այսպես թե այնպես հասկացողությունը մի կողմ է նետում ամբողջ աշխարհը իր համար: Իսկ զգացումը հակառակը, այն տանում է իր վրա ամբողջ աշխարհը` հրաժարվելով մասնակիից: Բոլոր իրերը հայտնվում են անհայտ անդունդից և դրանցից յուրաքանչյուրով կարելի է նայել այդ անդունդի մեջ: Ես նախընտրում եմ նայել այդ անդունդը սիրո միջով. ոչ, ինքը սերն է հանդիսանում անդունդ: Երբ սերը հասնում է բարձրագույն կետին, լռում է: Բայց պարզվում է, որ կա ավելի բարձր և ավելի, և ավելի…

    «Կհարցնեն` կասես:

    Չեն հարցնի` չես ասի:

    Ի՞նչ է քո հոգում թաքնված,

    Ազնվաբարո Բոդհիդհարմա»: